BRICS-ի` օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում կքննարկվի միասնական արժույթի ստեղծումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ BRICS-ի արժույթի ստեղծման նախաձեռնությունը կքննարկվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Հենց այդ ուղղությամբ իրականացվում են նախաձեռնություններ, որոնք հնչել են վերջերս, բառացիորեն օրերս. դրանք վերաբերում են BRICS-ի շրջանակներում, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների հանրության շրջանակներում սեփական արժույթների ստեղծման շուրջ մտածելու անհրաժեշտությանը», - ասել է Լավրովը լրագրողներին՝ ամփոփելով Անգոլայի նախագահի հետ բանակցությունների արդյունքները։
Նախարարը հավելել է, որ «այդ մասին, մասնավորապես, անպայմանորեն խոսք կլինի BRICS-ի գագաթնաժողովում, որը օգոստոսի վերջին տեղի կունենա ՀԱՀ-ում»: Գագաթնաժողովին կհրավիրվեն նաև մի խումբ աֆրիկյան երկրներ։ BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: