ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին
Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։
Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։
Նա մատնանշել է իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացմանն օժանդանելու համար շնորհակալություն հայտնեց հյուրերին։ Ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, որն ուղղված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, հարգանքի արժանի և պրոֆեսիոնալ ծառայություններ ունենալուն։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել են Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնք ընդգրկում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար և միգրացիոն ծառայությունները։ Այս ուղղությամբ կարևորվել է հատկապես ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագիրը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը ներկայացրել է դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի և ICITAP-ի կողմից կատարված աշխատանքները։ Կարևորվել է հատկապես պարեկային ծառայության ստեղծման և կայացման ուղղությամբ համագործակցությունը։
Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանը հյուրերին մանրամասնել են նախարարության կազմավորման և իրենց համակարգման ոլորտներում կատարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին գործերի նախարարություն և քաղաքացիական հասարակություն կապին ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարը ընդգծելով քաղհասարակության հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել այն։
Քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին, բարեփոխումների շարունակականությանը, ծառայություններում կանանց ներգրավվածությանը, Ազգային գվարդիայի կազմավորմանը, կրթական միջավայրի բարելավմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։