ԱՄՆ 20 նահանգներ հայց են ներկայացրել Բայդենի միգրացիոն քաղաքականության դեմ
Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող գլխավոր դատախազներ ունեցող ԱՄՆ-ի 20 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ միգրացիոն քաղաքականության մեջ կատարված խոշոր փոփոխության առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Նահանգները դիմել են դաշնային դատավորին՝ ներգաղթյալների օգնության ծրագիրը դադարեցնելու պահանջով։ Նախաձեռնությունը պատկանում է Տեխասի նահանգին։ Հայցը ներկայացրած նահանգների շարքում են Ալաբաման, Ալյասկան, Արկանզասը, Այդահոն, Այովան, Վայոմինգը, Արևմտյան Վիրջինիան, Կանզասը, Կենտուկին, Լուիզիանան, Միսիսիպին, Միսսուրին, Մոնտանան, Նեբրասկան, Օհայոն, Թենեսին, Ֆլորիդան, Հարավային Կարոլինան, Յուտան:
Ըստ CBC հեռուստաընկերության՝ նոր նախաձեռնության շրջանակներում որոշում Է ընդունվել, որ ամեն տարի Վենեսուելայի, Հայիթիի, Նիկարագուայի և Կուբայի մինչև 360 հազար քաղաքացիներ կկարողանան երկու տարի ժամկետով մուտք գործել ԱՄՆ՝ աշխատանքի իրավունքով, եթե Միացյալ Նահանգներում կան նրանց հրավիրելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև պայմանով, որ նրանք անցնեն ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ստուգումը:
Վերոնշյալ նահանգները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր միջոցների դեմ: Դրանց իշխանությունները նաև կարծում են, որ նախագահի աշխատակազմը պետք է իմանար հասարակական կարծիքը, նախքան այս ծրագրի իրագործումն սկսելը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմը մեծացրել է Արևմտյան կիսագնդի երկրներից փախստականների քվոտան, որոնց պատրաստ է ընդունել 2023-2024 ֆինանսական տարում։
ԱՄՆ մշտական բնակության իրավունքով տեղափոխվելու կարող է հավակնել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից մինչև 20 հազար փախստական: Սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ շուրջ 5 միլիոն միգրանտ Է հատել ԱՄՆ-ի հարավային սահմանն այն ժամանակից ի վեր, երբ 2021 թ.-ին Բայդենը դարձավ նախագահ: