Նոր Զելանդիայի վարչապետը ստանձնել է պաշտոնը
Կիրակի օրը Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար ընտրված Քրիս Հիփքինսը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջասինդա Արդերնին, որն ավելի վաղ անսպասելիորեն հայտարարել Էր իր հրաժարականի մասին։ Հունվարի 24-ին Արդերնը որպես վարչապետ վերջին անգամ հանդես Է եկել հանրության առջև՝ հայտարարելով, որ ինքն ամենից շատ կկարոտի մարդկանց, քանի որ նրանք եղել են «աշխատանքի ուրախությունը»:
«Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզանից իմ կյանքի ամենամեծ առանձնաշնորհի համար», - ասել Է նա: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Արդերնը մտադիր է կառավարության ղեկավարի գրասենյակը լքել փետրվարի 7-ին։
Հիշեցնենք՝ լեյբորիստների ղեկավար ընտրվելուց հետո Հիփքինսը հայտարարել Էր, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության և համաշխարհային գնաճի ազդեցության վրա: 42-ամյա Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարել էր, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը և փեսացուին: