ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային M1 Abrams, իսկ Գերմանիան՝ Leopard տանկեր մատակարարելու որոշման մասին. ԶԼՄ-ներ
Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ամերիկյան M1 Abrams տանկերն Ուկրաինա ուղարկելու հարցը։ Նախկինում Վաշինգտոնը հրաժարվում էր Կիևին տրամադրել նման տեխնիկա, սակայն այժմ, ըստ երևույթին, փոխել է իր դիրքորոշումը, որպեսզի Գերմանիայի կառավարությանը դրդի գերմանական Leopard-2 տանկեր մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ Վաշինգտոնը շուրջ 30 M1 Abrams տանկ կուղարկի Ուկրաինա: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ արդեն իսկ այս շաբաթ: Տանկերի մատակարարման հստակ ժամկետները պարզ չեն, սակայն դրանք արդյունավետ օգտագործելու համար ուկրաինացի զինվորականները դեռ մի քանի ամիս պետք է վերապատրաստում անցնեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում նշել է, որ Abrams տանկերը շահագործելը և պահպանելը բավական թանկ է:
Բեռլինը բազմիցս հայտարարել էր, որ գերմանական տանկերը Կիևին մատակարարելու թույլտվություն կտա միայն այն պայմանով, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը: Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում օրերս արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Գերմանիային հնարավոր չէր եղել համոզել Leopard տանկեր ուղարկել Կիևին: Սակայն հունվարի 24-ին գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է «ամիսների քննարկումներից հետո», ի վերջո, Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Պարբերականը նշում է, որ խոսքը գնում է Leoperd 2A6 տանկերի առնվազն մեկ վաշտի մասին: Նշվում է, որ Բեռլինն, ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարի այսօր:
Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ 12 Challenger 2 տանկեր կուղարկի Ուկրաինա:
Հիշեցնենք՝ Լեհաստանը պաշտոնապես Գերմանիայից թույլտվություն է խնդրել 14 Leopard 2 մարտական տանկեր Ուկրաինային մատակարարելու համար: