Հայկական ֆուտբոլի ողբալի վիճակը՝ թվերով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Եվրո-2024»-ի նախընտրական Հայաստան-Թուրքիա խաղից, կարծես թե, հույսեր չունեն ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ անգամ ֆուտբոլի մասնագետները: ՀՖՖ-ի մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արդեն նշանակվել է գլխավոր մարզիչ, բայց իրավիճակը ողբալի է հատկապես բարոյահոգեբանական իմաստով: Մամուլը բազմիցս գրել է, որ ֆեդերացիայի փաստացի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չէ այնտեղի որոշում կայացնողը, այլ առաջին պլանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, որն իրականացնում է կառավարության հետ կապը ու կատարում Նիկոլ Փաշինյանից կամ նրա կնոջից եկող հանձնարարականները:
Մեզ հետ կապ հաստատող աշխատակիցներն անդադար պնդում են, որ ֆեդերացիայում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Ինչեւիցէ, Արմեն Մելիքբեկյանի, ավելի ճիշտ՝ նրա տեղակալի ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլի ցույց տված արդյունքները ներկայացնում ենք թվերով. երեք տարում Հայաստանի բարձրագույն խմբից հեռացել են 5 ակումբներ` «Երեւան», «Գանձասար», «Կապան», «Լոռի», «Սեւան» ու «Նորավանք»։ Այս 5 ակումբներից 4-ը մարզերից էին, ու պետք չէ նկարագրել, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերում թեկուզ մի քանի աշխատատեղ ու ժամանց ապահովող ցանկացած թիմի գոյությունը, բայց այս մարդկանց դա չի հետաքրքրում:
Ուրեմն այսպես, Հայաստանի՝ մինչեւ 15 տարեկանների ազգային թիմը 2021-22թթ. ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում խփել է 7, իսկ բաց է թողել 18 գոլ (չհաշված Հայաստանի՝ 14 տարեկանների դեմ անցկացրած խաղի). պարտվել ենք, օրինակ, Վրաստանին ու Մալազիային։
17 տարեկանների հավաքականը նույն ժամանակահատվածում բաց է թողել 52 գոլ՝ խփելով ընդամենը 4 գոլ: Այստեղ ուշագրավ են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Նորվեգիա- Հայաստան (7:0), Իռլանդիա-Հայաստան (4:0), Պորտուգալիա-Հայաստան (7-0) եւ այլն:
Մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասով պատկերը հետեւյալն է. բաց են թողել 43 գոլ, իսկ խփել՝ 19 գոլ. այս հավաքականը 2021-2022թթ.-ին միջազգային եւ ընկերական խաղերում պարտվել է, օրինակ, Վրաստանին` 5-1 հաշվով, եւ Իռլանդիայի իրենց հասակակիցներին՝ 4-0 հաշվով:
21 տարեկանների ազգային թիմի (որը համարվում է ազգային հավաքականի շատ մոտ ապագան) ռեզերվը նույնպես ողբալի վիճակում է։ 2020, 2021, 2022թթ.-ին անցկացրած միջազգային հանդիպումներում այս թիմը պարտվել է նույնիսկ Լյուքսեմբուրգին՝ 2:1 հաշվով («Եվրո-2021» ընտրական փուլ), Ֆարերյան կղզիներին՝ 2:0 հաշվով. թերեւս ամենախայտառակ հաշիվը Շվեդիայի իրենց հասակակիցներից կրած գերխոշոր հաշվով պարտությունն է (10:0):
Կանանց հավաքականների մասին թերեւս լավ կլինի՝ լռենք. ասելիք չկա: Չխոսենք նաեւ գլխավոր թիմի ոդիսականներից, քանզի այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ. հիշեցնենք միայն Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունը՝ 9:0 հաշվով, որը միջազգային խաղերում մեր կրած ամենախոշոր պարտությունն է: Նիկոլ Փաշինյանը, սակայն, խոսում էր 2050թ.-ից, ու հենց այդ մարդու թիմակիցները եկան ու սպանում են հայկական ֆուտբոլը:
Բացահայտումները դեռ առջեւում են…»։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։