ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը թալիբներին կոչ է արել Աֆղանստանում վերացնել կանանց կրթության արգելքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անհանգստություն է հայտնել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման այն որոշման առնչությամբ, որով կանանց արգելվում է հաճախել համալսարաններ և դպրոցների միջին և բարձր դասարաններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գուտերեշը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ժամանակն է վերջ տալ բոլոր խտրական օրենքներին և գործելակերպերին, որոնք կրթություն ստանալու համար խոչընդոտներ են ստեղծում: Ես «Թալիբան»-ին կոչ եմ անում վերացնել Աֆղանստանում աղջիկների և կանանց համար միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության վրդովիչ և վնասակար արգելքը», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Այս գրառումը Գուտերեշը կատարել է Կրթության օրվա առթիվ՝ շեշտելով, որ կրթությունը մարդու հիմնարար իրավունք է: 2021 թ. սեպտեմբերի սկզբին վերահսկողություն հաստատելով Աֆղանստանի ամբողջ տարածքում՝ «Թալիբան» շարժման կողմնակիցներն սկսեցին զանազան, իրենց խոսքով, ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կանանց և աղջիկների նկատմամբ՝ դա բացատրելով պետությունում «համապատասխան իսլամական միջավայրի» ստեղծման անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, նրանք լուծարեցին կանանց գործերի նախարարությունը, որը գոյություն ուներ շուրջ 20 տարի, ինչպես նաև կին հեռուստահաղորդավարներին պարտադրեցին հիջաբ կրել։ Բացի դրանից, ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանի համալսարաններում և դպրոցներում դադարեցվել էին պարապմունքները. տարրական դասարանները վերսկսել են իրենց աշխատանքն ավելի քան մեկ տարի անց՝ 2022 թ. սեպտեմբերի 19-ին:
Սակայն պարապմունքներին թույլ են տվել մասնակցել միայն տղաներին և տղամարդ ուսուցիչներին: «Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության կրթության նախարարությունը միջին և բարձր դասարանների աղջիկներին արգելել Է պարապմունքների հաճախել դպրոցներում: