Բնակարան մտած տղամարդը բռնվել է գողության պահին ու ձերբակալվել
Հունվարի լույս 22-ի գիշերը, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ մայրաքաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկում հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ դեպքի վայր է մեկնում օպերատիվ խումբ։
Քրեական հետախույզները պարզում են, որ տան բնակիչներն արտերկրում են, իսկ բանալին բարեկամի մոտ է։ Նրանք կապ են հաստատում բնակարանատիրոջ ազգականի հետ և վերցնում բանալին։ Իրավապահները տեղում շրջափակում են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հենց բնակարանում 47-ամյա տղամարդը ձերբակալվում է։
Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր ճաղավանդակն ու ներս մտել։
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։