Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով՝ կապված երկրի զինված ուժերի կարիքների համար սննդամթերքի գնման հետ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարը (Ալեքսեյ Ռեզնիկովը) այսօր ընդունել է Վյաչեսլավ Շապովալովի դիմումը՝ իրեն Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության կայքում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Շապովալովը պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ նման քայլը կօգնի պահպանել հասարակության և միջազգային գործընկերների վստահությունը, կապահովի օբյեկտիվությունը լրացուցիչ պարզաբանումների և հնարավոր հետաքննությունների հարցում», - նշել են գերատեսչությունում։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները, մասնավորապես, UNIAN գործակալությունը և Зеркало Недели թերթը հրապարակել էին լրագրողական հետաքննության արդյունքներ. հետաքննության հեղինակները մի շարք փաստաթղթերի հիման վրա պարզել էին, որ ռազմական գերատեսչությունը զինվորականների համար ապրանքներ է գնում՝ կրկնակի կամ երեք անգամ ավելի թանկ գներով, քան նրանով, ինչ կարելի է ձեռք բերել Կիևի մանրածախ խանութներից: