Նիկոլայ Պատրուշևն ու Իմանղալի Թասմաղամբեթովը քննարկել են ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող հարցեր
Մոսկվայում աշխատանքային հանդիպում են անցկացրել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 1-ից, տեղեկացնում է ՌԴ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։
Հանդիպման սկզբում ՌԴ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀԱՊԿ քարտուղարության առջև դրված խնդիրների իրականացմանը։
Ըստ տեղեկագրի՝ Նիկոլայ Պատրուշևն ու Իմանղալի Թասմաղամբեթովը քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում շեշտադրվել է ՀԱՊԿ հեղինակության բարձրացման և այլ միջազգային կազմակերպությունների հետ Կազմակերպության փոխգործակցության հարցը։ Քննարկվել է նաև Կազմակերպությունը նախագահող Բելառուսի կողմից առաջարկված առաջնահերթությունների կատարման հարցը՝ 2023 թվականի ընթացքում։
«ՌԴ ԱԽ քարտուղարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ուշադրություն են հատկացրել նաև 2022 թվականին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված որոշումների կատարման խնդրին, մասնավորապես, խոսք է գնացել կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի գործունեությունը կազմակերպելու մասին»,- նշված է հաղորդագրությունում։