Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ հարձակողական զենքի վաճառքն արգելող օրինագծին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 23-ին Կոնգրեսի երկու պալատներին կոչ է արել հավանություն տալ այն օրինագծին, որն արգելում է հարձակողական զենքի և մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքը։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը: «Այսօր (հունվարի 23-ին) սենատոր Ֆայնշտայնը, ում հետ ես աշխատել եմ 1994 թվականին հարձակողական զենքի վերջին արգելքն ընդունելու շուրջ, կրկին Սենատ է ներկայացրել հարձակողական զենքերի և մեծ տարողությամբ պահեստատուփերի արգելքի, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար տարիքը մինչև 21 տարեկան բարձրացնելու մասին օրինագիծը։
Այս միջոցներին հավանություն են տվել սենատորներ Մերֆին, Բլումենտալը և այլոք: Հարձակողական զենքի արգելման օրենքի գործողության 10 տարիների ընթացքում զանգվածային հրաձգությունների դեպքերի թիվը նվազել էր: Այն բանից հետո, երբ 2004 թվականին հանրապետականները չեղյալ հայտարարեցին այս օրենքը և թույլ տվեցին դարձյալ զենք վաճառել, զանգվածային հրաձգությունների թիվը եռապատկվել է: Կոնգրեսի երկու պալատներին կոչ եմ անում գործել արագ և ինձ ստորագրման ուղարկել հարձակողական զենքի այս արգելքը», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։
Բայդենի խոսքով՝ «ամերիկացի ժողովրդի մեծ մասը համաձայն է» նման կարգի արգելքների սահմանմանը։ Նա ընդգծել է, որ վերջին ժամանակներս «ամբողջ Ամերիկայում տեղի է ունեցել ողբերգություն ողբերգության հետևից, այդ թվում՝ զանգվածային հրաձգություններ Կոլորադո Սփրինգսից մինչև Մոնթերեյ Փարկ և հրազենի կիրառմամբ ամենօրյա բռնության դեպքեր, որոնք չեն հայտնվում լրատվամիջոցների առաջին էջերում»:
Հիշեցնենք՝ Կալիֆորնիայի Հաֆ Մուն Բեյ ծովափնյա քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել, ևս 1 մարդ ծանր վիրավորում է ստացել: Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Կալիֆորնիայում տեղի ունեցած երկրորդ զանգվածային հրաձգությունն է:
Շաբաթ գիշերը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ Փարկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ այս տարի գրանցվել է զանգվածային հրաձգության 37 դեպք, զենքի կիրառման հետևանքով զոհվել է 1 173 մարդ, վիրավորվել՝ 2 063-ը: