Անկարան թույլ չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Էրդողան
Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախարարների կաբինետի նիստից հետո կայացած հեռուստաուղերձում։
«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարյացակամություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ։ Եթե Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», - մեջբերում է «Anadolu» գործակալությունը Թուրքիայի ղեկավարի խոսքերը։
Էրդողանի խոսքով՝ «Շվեդիայում կատարված զազրելի արարքը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքներն ու ազատությունները»։
«Եթե Շվեդիան այդքան աջակցում է ահաբեկչական կազմակերպության անդամներին և իսլամի թշնամիներին, ապա մենք խորհուրդ ենք տալիս իրենց երկրի պաշտպանությունը նրանց վստահել», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Գործակալությունը նշում է, որ հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան հակաիսլամական սադրանք է իրականացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև։ Նա հրապարակայնորեն այրել է մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։
Ի պատասխան՝ Անկարան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի առաջիկա այցը Թուրքիա։
Անկարայում Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք են ներկայացրել այն առնչությամբ, որ Շվեդիայի իշխանությունները տվյալ ակցիայի կազմակերպման թույլտվություն են տվել։