Կալիֆորնիայում ևս մեկ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կա 7 զոհ
Կալիֆորնիայի Հաֆ Մուն Բեյ ծովափնյա քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել, ևս 1 մարդ ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Հրաձգություններն իրականացվել են քաղաքի երկու տարբեր վայրերում 67-ամյա տղամարդու կողմից, որն այժմ ձերբակալված է: Հրաձգության մի միջադեպը տեղի է ունեցել սնկի ֆերմայում, իսկ մյուսը՝ բեռնափոխադրման ընկերությունում, որը գտնվում է ֆերմայից շուրջ 3 կմ հեռավորության վրա:
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Կալիֆորնիայում տեղի ունեցած երկրորդ զանգվածային հրաձգությունն է:
Սան Մատեո շրջանի շերիֆը հայտնել է, որ կասյածյալն, ամենայն հավանականությամբ, աշխատում էր այն հաստատություններից մեկում, որտեղ տեղի են ունեցել հրաձգությունները: Կասկածյալին՝ 67-ամյա Չունլի Չժաոյին ձերբակալելիս նրա մեքենայում հայտնաբերվել է կիսաավտոմատ զենք: Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) խոսնակը հայտարարել է, որ ՀԴԲ-ի գործակալները տեղի իրավապահներին օգնում են միջադեպի հետաքննության հարցում:
Եվս մեկ հրաձգություն է տեղի ունեցել Այովա նահանգի հատուկ դպրոցներից մեկում, որը զբաղվում է վտանգի տակ գտնվող երեխաների աջակցությամբ: Ըստ CBS News-ի՝ դեպքի հետևանքով 16-ամյա և 18-ամյա երկու երիտասարդ է սպանվել: Վիրավորվել է նաև դպրոցի հիմնադիր, 49-ամյա Ուիլյամ Հոլմսը: 18-ամյա կասկածյալը ձերբակալվել է: Ըստ տեղի իրավապահների՝ սա եղել է կանխամտածված սպանություն:
Հիշեցնենք՝ շաբաթ գիշերը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ Փարկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: 72-ամյա կասկածյալն ինքնասպան է եղել:
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ քաղաքացիական անձանց տրամադրության տակ եղած հրազենների թիվը գերազանցում է մարդկանց թիվը՝ յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է ընկնում 120 զենք: ԱՄՆ-ում հրազենից մարդասպանությունների թիվն ամենամեծն է (յուրաքանչյուր 100 հազար մարդուց 4-ը), ինչը մյուս զարգացած երկրներից 18 անգամ ավելի է: CNN-ը նշում է, որ ոչ մի զարգացած երկրում հրաձգությունների նման մասշտաբներ և հաճախականություն չի դիտվում: