Գերմանիան Patriot զենիթահրթիռային համակարգեր է ուղարկել Լեհաստան
Գերմանիան Patriot զենիթահրթիռային երեք համակարգերից երկուսն ուղարկել է լեհական Զամոստյե քաղաք՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, որտեղ դրանք կտեղակայվեն պատահական հրթիռային հարվածները կանխելու համար, հաղորդում է AP-ն։
Անցած նոյեմբերին, երբ ուկրաինական հրթիռը խոցել էր շրջանի լեհական Պշեւոդով գյուղը, զոհվել էր երկու լեհ: Արդյունքում Բեռլինն առաջարկել էր իր Patriot ստորաբաժանումներից երեքը ուղարկել Լեհաստան՝ նրա օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։
«Պատճառներից մեկը, թե ինչու Գերմանիան այժմ Patriot-ով կաջակցի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւին Լեհաստանում, դա, իհարկե, այն է, որ մենք տեսանք, թե որքան արագ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը կարող է տարածվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,- լրագրողներին ասել է գնդապետ Յորգ Սիվերսը, որը կղեկավարի Լեհաստանում գերմանական ստորաբաժանումը։ Patriot-ը խիստ պաշտպանական համակարգ է, եւ մենք հուսով ենք, որ կարող ենք ապահովել բավարար պաշտպանություն՝ նոյեմբերյան հարձակումների կամ միջադեպերի նմանները կանխելու համար»,- հավելել է նա: