Ամբողջ Պակիստանում էլեկտրաէներգիան անջատվել է
Ազգային ցանցում լարվածության տատանումից հետո երկուշաբթի ամբողջ Պակիստանում անջատվել է էլեկտրաէներգիան, տեղեկացրել է էներգետիկայի նախարարությունը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ազգային ցանցի համակարգային հաճախականությունն իջել է այսօր առավոտյան ժամը 07.34-ին, ինչը հանգեցրել է լայնածավալ խափանման էներգահամակարգում»,- տեղեկացրել է նախարարությունը Թվիթերում։
Նշվել է, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է Իսլամաբադի էլեկտրամատակարարող ընկերության եւ Փեշավարի էլեկտրամատակարարող ընկերության մի քանի ցանցային կայաններում, իշխանությունները էլեկտրակայանների վերականգնման աշխատանքներ են իրականացնում։
Էներգետիկայի նախարար Հուրում Դաստագիրը Geo հեռուստաալիքին տեղեկացրել է, որ ձմռանը էներգաբլոկները գիշերները ժամանակավորապես անջատվում են՝ վառելիքի ծախսերի խնայողության համար։
«Երբ համակարգերը մեկը մյուսի հետեւից միացել են այսօր առավոտյան ժամը 07.30-ին, գրանցվել է հաճախականության փոփոխություն երկրի հարավային մասում, Ջաշմորոյի եւ Դադուի միջեւ։ Տեղի է ունեցել լարվածության տատանում, եւ համակարգերն անջատվել են մեկը մյուսի հետեւից։ Սա լուրջ ճգնաժամ չէ»,- ասել է Դաստագիրը։