Լոս Անջելեսի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության կասկածյալի ինքնությունը պարզվել է․ ոստիկանները հայտնաբերել են նրա դին
Իրավապահները պարզել են Կալիֆորնիայի Մոնթերեյ Փարք քաղքում տասը մարդու կյանք խլած հրաձգության կասկածյալի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունային։
Լունայի խոսքով՝ կրակ բացած անձը 72-ամյա Հու Կան Տրանն է։ Վերջինիս մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրից 50 մղոն հեռավորության վրա գտնվող Թորանս քաղաքում՝ սպիտակ ֆուրգոնում։ Հաղորդվում է, որ նրա մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ։
«Մոնտերեյ Փարքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության միջադեպի գործով այլ կասկածյալներ չկան»,- նշել է շերիֆը՝ հավելելով, սր ներկա պահին իրավապահները փորձում են պարզել կասկածյալի դրդապատճառները։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի մերձակայքում չինական օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել։ Հրաձգությունը տեղի է ունեցել Մոնթերեյ Փարք քաղաքում, որտեղ ապրում են բազմաթիվ ասիացի ամերիկացիներ:
Ըստ ականատեսների՝ տղամարդն անկանոն կրակ է բացել կիսաավտոմատ զենքից, իսկ միջադեպից հետո փախուստի է դիմել։
Մոնթերեյ Փարքում շաբաթավերջին ընթանում էր չինական լուսնային Նոր տարվա երկօրյա տոնակատարություն: Հրաձգությունից հետո տոնական միջոցառման երկրորդ օրը չեղարկվել է։