Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային վերականգնման հարցում․ Մակրոն
Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային ռազմական գործողությունների ավարտից հետո երկիրը վերականգնելու հարցում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի՝ հունվարի 22-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Երբ խոսքը գնա վերականգնման մասին, մենք կօգնենք այդ հարցում։ Մենք կօգնենք Ուկրաինային բոլոր ոլորտներում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք հավատարիմ են այդ որոշմանը։
Մակրոնի խոսքով՝ Փարիզն ու Բեռլինն Ուկրաինային կաջակցեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Ֆրանս-գերմանական նախարարների խորհրդի ընդունած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան և Գերմանիան հաստատում են Ուկրաինային ձմռան ընթացքում խաղաղ բնակչության պաշտպանության ու հումանիտար ոլորտներում անհրաժեշտ օգնություն տրամադրելու իրենց մտադրությունը։