Էրդողանը երկուշաբթի կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը Թուրքիայի կառավարության հետ. Posta
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կառավարության հետ կքննարկի Ստոկհոլմի հակաթուրքական ակցիաները եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, գրել է Posta թերթը։
«Արտաքին քաղաքական ճակատում տեղի են ունենում իրադարձություններ Անկարա-Ստոկհոլմ գծում։ Գնահատական կտրվի Շվեդիայի կառավարության դիրքորոշմանը, որը վերջին օրերին թույլ է տվել սկանդալային բողոքներ՝ կազմակերպված Թուրքիայի դեմ։ Կառավարության նիստում կքննարկվի նաեւ աճող լարվածությունը երկու երկրների միջեւ՝ այն բանից հետո, երբ Շվեդիան աչքերը փակել է սադրանքների առջեւ, ինչպես նաեւՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը»,- գրել է պարբերականը։
Nordic News պորտալը ուրբաթ տեղեկացրել էր, որ Դանիայի ուլտրաաջ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը ակցիա իրականացնելու թույլտվություն էր ստացել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանության առջեւ, որի ժամանակ այրել էին Ղուրանը։ Պալուդանը շաբաթ օրը ժամը 16.00-ին (Մոսկվայի ժամանակով) ակցիա էր իրականացրել։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ղուրանն այրելը Ստոկհոլմում վկայում է Եվրոպայում իսլամատյացության, ռասիզմի եւ խտրականության մակարդակի մասին։ Ի պատասխան Անկարայի այս հայտարարության՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ նման սադրանքներն ահավոր են, բայց Շվեդիայում գոյություն ունի կարծիքների արտահայտման ազատություն, իսկ թագավորության կառավարությունն ինքը կողմնակից չէ իսլամատյաց համոզմունքներին։
Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել էր, որ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցը երկիր հունվարի 27-ին չեղարկվել է, քանի որ «դա արդեն իմաստ չունի»։ Շվեդիայի պաշտպանության նախարարը ծրագրում էր Անկարայում քննարկել Ստոկհոլմի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, որը Թուրքիան մինչ այժմ չի վավերացրել։