Թուրքիայում այրել են Շվեդիայի դրոշը՝ ի պատասխան Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի (տեսանյութ)
Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, թուրք ակտիվիստներն այրել են Շվեդիայի դրոշը, հայտնում է T24 կայքը հունվարի 21-ին։
Այսպես է Թուրքիայի ժողովուրդն արձագանքել դանիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և փաստաբան Ռասմուս Փալուդանի արարքին, ով նաև գլխավորում է հակաիսլամական «Կոշտ դասընթաց» կուսակցությունը։ Հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց նա այրել էր Ղուրանի պատճենը։
Հոդվածում նշվում է, որ դրոշի այրումից հետո ցուցարարները Ղուրան են կարդացել ու աղոթել։
Իր հերթին Շվեդիայի վարչապետը հունվարի 22-ին շեշտել է, որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար մասն է, սակայն օրինականությունը միշտ չէ, որ համապատասխանում է նպատակահարմարությանը։
«Շատերի համար սուրբ գրքերն այրելը խորը անհարգալից վերաբերմունք է: Ցանկանում եմ իմ կարեկցանքը հայտնել բոլոր մուսուլմաններին, ովքեր վիրավորված են Ստոկհոլմում տեղի ունեցածից»,- գրել է վարչապետը Twitter-ում։