Ավստրալիայից 7-ամյա տղան իրեն հռչակել է արքայադուստր Դիանայի ռեինկառնացիա
Ավստրալիայից մի տղա հայտարարել է, որ ինքը արքայադուստր Դիանայի ռեինկառնացիան է և ասել, որ Հարին ու Ուիլյամն իր որդիներն են։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
7-ամյա Բիլի Քեմփբելը, ով ծնվել է Դիանայի մահից 18 տարի անց, վստահ է, որ ինքը հանգուցյալ արքայադստեր ռեինկառնացիան է։ Որպես իր խոսքերի հաստատում, նա խոսում է Լեդի Դիի կյանքի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել իր ծնվելուց շատ առաջ։ Մասնավորապես, նա իր ընտանիքին հայտարարել է, որ ունի Ջոն անունով եղբայր (Արքայադուստր Դիանայի եղբայրը՝ Ջոնը մահացել է նրա ծնվելուց առաջ), ինչպես նաև պարբերաբար անդրադառնում է իր երկու «տղաներին»՝ նկատի ունենալով արքայազներ Ուիլյամին և Հարիին։ Ծնողների հարցին, թե ովքեր են այդ տղաները, Բիլին վստահորեն պատասխանում է, որ նրանք իր որդիներն են։
Բիլիի հոր՝ ավստրալացի հեռուստահաղորդավար Դեյվիդ Քեմփբելի խոսքով՝ իր որդին առաջին անգամ արքայադուստր Դիանայի մասին խոսել է երկու տարեկանում։
«Նախ սկսեց հիշատակել իր երկու տղաներին։ Եվ երբ նա տեսավ արքայադուստր Դիանայի նկարով բացիկ, բացականչեց. «Տեսեք, սա ես եմ, երբ ես արքայադուստր էի»», - ասել է նա Stellar ամսագրին 2019 թվականին:
Բիլի Քեմփբելի ծնողները պնդում են, որ իրենց որդուն երբեք ոչինչ չեն ասել թագավորական ընտանիքի անդամների մասին, սակայն երեխան համառորեն շարունակում է իրենց մանրամասներ պատմել Դիանայի ու նրա հարազատների կյանքից։