Հունաստանն իր սահմանները պաշտպանելու համար Եվրամիության աջակցության կարիքն ունի
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը՝ 27 օտարերկրյա դեսպանների հյուսիսարեւելյան Ալեքսանդրապոլիս կատարած այցի ժամանակ նշել է, որ երկիրն իր սահմանները պաշտպանելու համար Եվրամիության աջակցության կարիքն ունի, հայտնում է Katimerini-ն։
«Եվրոպական պետությունների եւ նրանց քաղաքացիների անվտանգությունը նշանակում է պայքարել անօրինական ներգաղթի դեմ եւ պաշտպանել արտաքին սահմաններն այստեղ՝ Հունաստանում», - ասել է Թեոդորիկակոսը․ «Մեր հանդիպումը միասնության եւ համերաշխության ազդանշան է եւ արտահայտում է մեր ընդհանուր կամքը՝ արդյունավետորեն պաշտպանելու Թուրքիայի հետ եվրոպական սահմանները, հարգելու միջազգային իրավունքը, ինչպես նաեւ Հարավային Միջերկրական ծովի ավելի լայն տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մեր վճռականությունը»։
Նախարարի խոսքով՝ 2022 թվականին իշխանությունները կանխել են 260 հազար անօրինական միգրանտների մուտքը երկիր, ձերբակալվել է մոտ 1500 մարդ վաճառող, իսկ ամեն օր հույն սահմանապահները կանխում են մոտ 300-ից 400 անօրինական միգրանտների մուտքը երկիր։
Թեոդորիկակոսը ողջունել է ԵՄ սահմանային Frontex գործակալության «դրական գործունեությունը» եւ հայտարարել, որ 2023 թվականին ուժերին կմիանան եւս 400 մարդ, որոնցից 250-ը կսկսեն ծառայել փետրվարին։ Ներկայումս մարզում ընդհանուր առմամբ ծառայում է 1800 սահմանապահ։