Բրիտանիայի խորհրդարանում Սունակին անպատասխանատու են համարել ոստիկանության երկրորդ տուգանքից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին բրիտանական խորհրդարանի անդամները հանդիմանել են անփութության համար, երբ ոստիկանությունը երկրորդ անգամ տուգանել է նրան։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անժելա Ռայները Սունակի գործողությունները «լիովին անպատասխանատու» է որակել:
Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Քրիս Բրայանտը նշել է, որ վարչապետը խոստացել է ազնիվ եւ պարկեշտ լինել, սակայն փոխարենը երկրորդ անգամ տուգանվել է օրենքը խախտելու համար։
«Եկել է համընդհանուր ընտրությունների ժամանակը»,- հավելել է նա՝ նկատի ունենալով Սունակի հրաժարականը։
Լեյբորիստ պատգամավոր Քեթ Սմիթը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքի համար, իսկ հետո նախատել է վարչապետին՝ ասելով, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական Լանքաշիրի ոստիկանությունը Սունակին տուգանքի ծանուցում է հանձնել առանց ամրագոտու վարելու համար։