Երկրաբաններն Անտարկտիդայում հազվագյուտ սեւ երկնաքար են հայտնաբերել
Ֆիլդի անվան բնական պատմության թանգարանից գիտնականները հայտնաբերել են 8 կգ քաշով սեւ երկնաքար, հաղորդում է EurekAlert-ը:
Չնայած Անտարկտիդայում աշխատելու դժվարություններին՝ այն համարվում է աշխարհի լավագույն վայրերից մեկը երկնաքարեր գտնելու համար: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ մայրցամաքն իրենից ներկայացնում է անապատ, եւ չոր կլիման սահմանափակում է երկնաքարի ապարների հովացումը: Բացի այդ, մուգ երկնաքարերը հստակ առանձնանում են ձյունածածկ դաշտերի ֆոնին։ Եվ նույնիսկ ջրի տակ անցած երկնաքարերը կարող են մակերեսին հայտնվել սառույցի շարժման արդյունքում:
Արշավի ընթացքում գիտնականները հայտնաբերել են հինգ երկնաքար, որոնցից մեկը կշռում է 7,6 կիլոգրամ: Նրանք պարզաբանել են, որ վերջին հարյուրամյակի ընթացքում Անտարկտիդայում հայտնաբերված 45 հազար երկնաքարերից միայն մոտ հարյուրն ունեն այդ չափը կամ ավելի մեծ, ինչը կազմում է բոլոր գտածոների 0,2 տոկոսը:
«Չափը պարտադիր չէ, որ նշանակություն ունենա, երբ խոսքը վերաբերում է երկնաքարերին, եւ նույնիսկ փոքրիկ միկրոմետեորիտները կարող են աներեւակայելի արժեքավոր լինել գիտական տեսանկյունից»,-ասել է Մարիա Վալդեսը։
Թիմի հայտնաբերած երկնաքարերը կվերլուծվեն Բելգիայի բնական գիտությունների թագավորական ինստիտուտում: Գիտնականներն ընդգծել են, որ երկնաքարերի ուսումնասիրությունն օգնում է ավելի լավ հասկանալ Արեգակնային համակարգի կառուցվածքը եւ մեր տեղը դրանում: