Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան Գերմանիային հորդորել են Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա
Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան համատեղ կոչ են արել Գերմանիային՝ ուժեղացնել իր ղեկավարությունը եւ տանկեր ուղարկել Ուկրաինա՝ լրացուցիչ ճնշում գործադրելով Բեռլինի վրա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարներս, կոչ ենք անում Գերմանիային՝ Ուկրաինային Leopard տանկեր տրամադրել հիմա», - թվիթերում գրել է Էստոնիայի արտգործնախարարը․ «Դա անհրաժեշտ է ռուսական ագրեսիան դադարեցնելու, Ուկրաինային օգնելու եւ Եվրոպայում խաղաղությունը արագ վերականգնելու համար։ Գերմանիան՝ որպես եվրոպական առաջատար տերություն, այս հարցում հատուկ պատասխանատվություն է կրում»։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գերմանիան եւ արեւմտյան դաշնակիցները չեն կարողացել որոշում կայացնել, արդյո՞ք Բեռլինը կհամաձայնի իր Leopard 2 տանկերը Ուկրաինա ուղարկել, թե՞ երկրներին, որոնք ունեն տանկեր, թույլ կտա անել դա: