Բայդենի տանը գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել
ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել՝ Ուիլմինգթոնում նախագահ Ջո Բայդենի տան խուզարկություն կատարելու արդյունքում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Նրա փաստաբան Բոբ Բաուերի խոսքով՝ որոշ գաղտնի փաստաթղթեր եւ «առնչնվող նյութեր» թվագրվում են Բայդենի՝ ԱՄՆ Սենատում պաշտոնավարման ժամանակաշրջանին, որտեղ 1973-ից 2009 թվականներին նա ներկայացնում էր Դելավերը: Փաստաթղթերի մեկ այլ մաս 2009-ից 2017 թվականների են՝ Օբամայի վարչակազմում նրա փոխնախագահի պաշտոնավարմանը վերաբերող:
Բաուերը նշել է, որ ո՛չ Բայդենը, ո՛չ նրա կինը խուզարկությանը ներկա չեն եղել։ Բայդենը հանգստյան օրերին գտնվում է Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում: Բաուերի խոսքով՝ Արդարադատության դեպարտամենտի քննիչները նախօրոք համաձայնեցրել են հետախուզումը Բայդենի փաստաբանների հետ, իսկ դեպքի վայրում ներկա են եղել նախագահի անձնական փաստաբաններն ու Սպիտակ տան փաստաբանները։
Ավելի վաղ Բայդենի Ուիլմինգթոնի նստավայրում հայտնաբերվել էին այլ գաղտնի պետական փաստաթղթեր, իսկ նոյեմբերին փաստաթղթերի եւս մեկ խմբաքանակ հայտնաբերվել էր Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի անձնական գրասենյակում, որտեղ Բայդենն աշխատում էր 2017 թվականին:
Խուզարկությունը բարձրացնում է իրավական եւ քաղաքական խաղադրույքները նախագահի համար, ով պնդում է, որ գաղտնի նյութերի հայտնաբերումն իր տանը եւ նախկին գրասենյակում, ի վերջո, անտեղի կհամարվի:
Բայդենն ասել է, որ «չի ափսոսում», որ միջանկյալ ընտրություններին ընդառաջ՝ իր նախկին գրասենյակում գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման մասին չի հայտնել, եւ կարծում է, որ այդ հարցը կլուծվի։