Ոսկերչական բիզնեսի 8-ամյա ժառանգորդուհին հրաժարվել է ունեցվածքից, որպեսզի միանձնուհի դառնա
Հնդկաստանում ոսկերչական բիզնեսի 8-ամյա ժառանգորդուհին հրաժարվել է ունեցվածքից, որպեսզի միանձնուհի դառնա։
Դեւանշի Սանգվին պետք է ժառանգեր Sanghvi and Sons-ը՝ իր ընտանիքի ոսկերչական բիզնեսը Սուրաթ քաղաքում, բայց նա պաշտոնապես հրաժարվել է աշխարհիկ հարմարություններից եւ նոր դեր ընդունել ջայնիզմի կրոնական օրդենում, տեղեկացրել է Agence France-Presse-ը։
Հնդկական ICRA վարկային գործակալության տվյալներով՝ նրա ընտանեկան բիզնեսն արժե մոտ 61 մլն դոլար։
Սանգվին միանձնուհի է օծվել հնգօրյա արարողության ժամանակ, որը ներկայացվել է Instagram-աքաունթի հզոր քարոզարշավում։ Աքաունթի ավելի քան 100 լուսանկարներում նրբագեղ հագուստ եւ զարդարանքներ կրող աղջիկն այս շաբաթ ծնողների եւ քրոջ հետ մասնակցում է տարբեր ծեսերի։
Մինչեւ արարողությունը Instagram-ի էջը սկսել էր գովազդել Սանգվիի՝ դեռեւս սեպտեմբերին միանձնուհի օծվելը, ինչպես նաեւ հրապարակել գրառումներ, որոնք փառաբանում են ջայնիզմի հարգարժան գործիչների հոգեւոր առաքինությունները։
«Այսօր Դեւանշին որոշել է գնալ հոգեւոր զարգացման ուղիով»,- նշվել է այն հաղորդագրությունում, որն, ըստ երեւույթին, գրվել է նրա ծնողների կողմից։ «Մենք գիտենք, որ դա դժվար է, բայց հասկանում ենք, որ կյանքը Դիկշայում շատ ավելի մեծ երջանկություն կբերի, քան մենք կարող ենք երբեւէ ապահովել»։
Նրա ընտանիքը նույնպես ջայնիզմի հետեւորդ է, տեղեկացրել է AFP-ն։
Pew Research Center հետազոտական կենտրոնի համաձայն՝ ջայնիզմը հնագույն կրոններից մեկն է աշխարհում, որն առաջացել է Հնդկաստանում մոտ 2500 տարի առաջ։ Կրոնական փոքրամասնությունն ընդգծում է առանց բռնության կյանքի, մեդիտացիայի եւ աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու, բուսակերության կարեւորությունը։ Այն 5-6 մլն հետեւորդ ունի Հնդկաստանում։
Ասում են, թե որոշ ընտանիքներ խրախուսում են, որպեսզի իրենց երեխաները միանձնուհի կամ վանական դառնան, որպեսզի բարձրացնեն իրենց ընտանիքի սոցիալական դրությունը։
Միանձնուհի դառնալուց հետո նրանք դադարում են իրենց ազգականներին համարել ընտանիքի անդամներ, սափրում են մազերը, երբեք լոգանք չեն ընդունում, միշտ բոբիկ են քայլում եւ ուտում են միայն այն, ինչ ստանում են որպես ողորմություն։
Մումբայի համալսարանում ջայնիզմի փիլիսոփայություն դասավանդող Բիփին Դոշին Բի-բի-սիին ասել է, որ հենց որ մարդը դառնում է ջայնիական վանական/միանձնուհի, «նրա հոգեւորության, սոցիալական դրության, կրոնական դիրքի մակարդակն այնքան է բարձրանում, որ անգամ ամենահարուստ մարդը կմոտենա եւ կխոնարհվի նրա առջեւ»։