Աշխարհագրագետը տիեզերքից արված լուսանկարներում հայտնաբերել է նախկինում անհայտ պինգվինների գաղութ
Բրիտանական անտարկտիկական ծառայությունից գիտնականը Արեւմտյան Անտարկտիդայի արբանյակային լուսանկարներում հայտնաբերել է նախկինում անհայտ կայսերական պինգվինների գաղութ, հայտնում է Live Science-ը:
Հոկտեմբերին Maxar WorldView-3 արբանյակի կողմից արված լուսանկարներում գիտնական Փիթեր Ֆրետվելը հայտնաբերել էր գուանոյի շագանակագույն բծեր, որոնք վկայում էին կայսերական պինգվինների գոյության մասին:
Բարձրորակ լուսանկարները թույլ են տալիս հայտնաբերել մինչեւ 30 սմ չափով օբյեկտներ, ուստի գիտնականը կարողացել է տեսնել անգամ առանձին թռչունների՝ կետերի տեսքով։
Ենթադրվում է, որ Վերլեգեր հրվանդանի մոտ գտնվող գաղութն ունի մոտ հազար չափահաս թռչուն, այսինքն այն համեմատաբար փոքր է Անտարկտիդայի ափին գտնվող մյուս 66 գաղութների համեմատ:
Կայսերական պինգվինների գաղութներն ուսումնասիրելը դժվար է, քանի որ նրանցից շատերը գտնվում են հեռավոր վայրերում եւ տեսանելի են միայն արբանյակային պատկերներով: Քանի որ պինգվինների գուանոն կուտակվում է եւ սառույցն ու ձյունը ներկում մուգ շագանակագույն, այն շատ ավելի հեշտ է տեսնել հեռվից, քան հենց կայսերական պինգվիններին:
Կայսերական պինգվինները ամենամեծն են բոլոր պինգվիններից եւ հասնում են մոտ մեկ մետր բարձրության: Իրենց անվանումը նրանք ստացել են վառ սեւ, սպիտակ եւ դեղին փետուրների պատճառով: