Արդեն վստահ եմ, որ այս երկրում ընդդիմություն չկա, բոլորը նույն սանրի կտավն են, բոլորը լռում են․ Գարիկ Գալեյան
Ասում ենք՝ ինչու եք առերեսումները դադարեցրել, ասում են՝ նախաքննություն է գնում, հեքիաթներ են պատմում։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ՔԿ-ում հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Դուք հայ եք կոչվում մեր տղաների շնորհիվ։ Եթե գնում եք տուն ու պաչում եք ձեր երեխային, ես իմ տղայի քարն եմ պաչում, ամեն օր Եռաբլուրում եմ։ Համբերության բաժակը մի օր, որ լցվեց, լավ չի լինելու։ Հասկանում ենք, թե ինչ են անում, մեր տղաներին վերացնում են, բանակը քանդում են։ Ժողովուրդը, ընդդիմությունը, բոլորը լռում են, ես արդեն վստահ եմ, որ մեր երկրում ընդդիմություն չկա, բոլորը նույն սանրի կտավներն են։ Ժողովուրդը կհասկանա, դուրս կգա փողոց, ու ընթացքում կհասկանանք՝ ով է լինելու այս երկրի լիդերը։ Այն մարդիկ, որոնց տղաները բանակում են, թող սպասեն, իրենց տղաները այս 15-ից լավը չեն, իրենց էլ են սպանելու։ Ոտքի կանգնեք, ա՛յ տականքներ։ Մեզ չհարգեցիք, մեր երեխեքի արյունը չհարգեցիք, գնացիք, խաղաղություն մուրացողին ընտրեցիք, դրա համար էս ամեն ինչը ձեր դուռն էլ է չոքելու։ Անհամբեր սպասելու եմ, որ բոլորիդ տները մտնի։
Իսկ այն պատգամավորները, որ 2018-ին Նիկոլին վարչապետ ընտրեցին, թող իրենք բռնվեն, որովհետև մենք՝ ծնողներս, բոլորի տները գնալու ենք։ Այն կուսակցությունները, պատգամավորները, որ Նիկոլին ընտրել են, ինձ պատասխան ունեն տալու»,-ասաց Գալեյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: