«Երեք-չորս օրից գալու ենք». զոհված զինծառայողների ծնողները ՔԿ-ում հանդիպումից հետո
Մեզ ասացին, որ գործը շատ ծավալուն ու բարդ է, իրենք էլ պարապուրդի մատնված չեն, վստահեցրեցին, որ առերեսումները կասեցված չեն, գործն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։
«Մենք Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպում պահանջեցինք, սակայն ասացին, որ հատուկ ընթացակարգ կա դրա համար, պետք է դիմում գրենք։ Մի խոսքով` նա շենքում է, բայց զբաղված է։ Այս անգամ էլ համաձայնեցինք, չենք հանդիպի նրա հետ, մենք 3-4 օրից կներկայանանք։ Այդ ժամանակ ընթացակարգ չպետք է լինի, հատկապես մեզ նման ծնողների համար։ Մենք չենք պատրաստվում որևէ դիմում գրել։ Մեզ նույնիսկ Վեհափառն է ընդունել առանց որևէ ընթացակարգի և դիմումի, անմիջապես»,– ասաց նա։
Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանն էլ վերահաստատեց` 3-4 օրից գալու են ՔԿ` հենց Արգիշտի Քյարամյանից պատասխան ստանալու, առանց որևէ դիմում ներկայացնելու և ընթացակարգեր անցնելու։
Ծնողները դեռ չեն որոշել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում, դա կախված կլինի թե ինչ պատասխան կտան իրենց 3-4 օրից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: