Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ չի պատերազմի Թուրքիայի հետ
Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի հետ պատերազմել Էգեյան ծովում ծովային գոտիների սահմանազատման համար և ակնկալում է երկու երկրների միջև այս միակ վեճը լուծել բանակցությունների սեղանի շուրջ կամ Հաագայի միջազգային դատարանում։ Այդ մասին հինգշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդավարը Միցոտակիսին հարցրել է, թե արդյոք Հունաստանը պատրաստվում է կռվել Թուրքիայի դեմ Կաստելորիզո փոքրիկ կղզու համար, որը գտնվում է թուրքական ափից 2 կմ հեռավորության վրա։ «Մենք պատերազմի չենք գնա Թուրքիայի հետ, թեև վերջին երեք տարիների ընթացքում ականատես ենք եղել մեծ լարվածության [այս երկրի հետ]»,- ասել է վարչապետը։ «Կաստելորիզոն ընդամենը հունական գեղեցիկ կղզիներից մեկն է։ <…> Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ նստել [բանակցությունների սեղանի շուրջ] որպես ողջամիտ մարդիկ և լուծել մեր հիմնական վեճը, որը վերաբերում է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատմանը։ Սա բարդ խնդիր է Էգեյան ծովի աշխարհագրության պատճառով, բայց մենք կարողացել ենք նմանատիպ հարցեր լուծել մեր հարեւանների հետ։ Մենք դա արեցինք Իտալիայի հետ, մենք արեցինք դա Եգիպտոսի հետ, իսկ Ալբանիայի հետ պատրաստվում ենք այս հարցը հասցնել Միջազգային դատարան և թող դատարանը որոշի մեր անունից»:
Նա նշել է, որ այս տարի Հունաստանում եւ Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մոտավորապես միաժամանակ։ «Ես չգիտեմ, թե ինչպիսի կառավարություն կհայտնվի Թուրքիայում, բայց, իհարկե, կարծում եմ, որ կան լարվածությունը թուլացնելու ուղիներ», - ասել է Միցոտակիսը։