«Հրապարակ». Ինչպես են Արցախից դուրս եկել նորատուսցի հայտնի քրեական
Լաչինի միջանցքը փակելուց հետո, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Հայաստանից Արցախ մեկնած բազմաթիվ քաղաքացիներ մնացին Արցախում եւ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Մեզ տեղեկացրին, որ այդ օրերին Արցախում շրջափակման մեջ են եղել նաեւ նորատուսցի հայտնի քրեական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները՝ իրենց շրջապատով, «լավ ախպերներով» եւ այլն։
Մեզ ասացին, որ նրանք Արցախ էին մեկնել ինչ-որ փաստաթղթային հարցեր կարգավորելու։ Բայց մոտ մեկ շաբաթ առաջ նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Այդ հարցում նրանց օգնել են ռուս խաղաղապահները՝ «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայով կածաններով, սար ու ձորերով դուրս են բերել Արցախից եւ տեղափոխել Հայաստան։ Նրանք իրենց հետ բերել են Հայաստանից Արցախ մեկնած այլ անձանց նույնպես։ Բանդուրյանների հետ է եղել նաեւ «Տարզան» մականունով չարենցավանցի մի երիտասարդ, որը համարվում է նորատուսցի եղբայրների մտերիմն ու թիմակիցը։ Հենց նրա վերաբերյալ էր օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածել, թե ««Տարզանն» իր «շքախմբով» ներխուժել է գազալցակայան, կոտրել տեսախցիկները, հայհոյանքներ հնչեցրել»։ Դրանից հետո էլ տարածվեց դատարանի դահլիճում արված մի տեսանյութ, որում այդ նույն Տարզանն էր՝ ողնաշարի վնասվածքով․ նրա փաստաբանի խոսքով՝ Տարզանը ծեծի է ենթարկվել ներքին գործերի նախարարության Չարենցավանի բաժնում՝ Երեւանից հրավիրված դիմակավորված անձանց կողմից, բաժնի պետի ներկայությամբ։