Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ կդիտարկի թմրաբարոն «Էլ Չապո»-ի խնդրանքը՝ իրեն Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը կքննարկի բանտարկված թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի խնդրանքը՝ իրեն Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ, հայտնում է AP-ն։
64-ամյա Գուսմանը ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել։
Նրա փաստաբանն ասել է, որ Գուսմանին 2019 թվականին դատապարտելուց հետո բանտում «վատ պայմաններում» են պահում: Ռոդրիգեսը տեղական ԶԼՄ-ներին ասել է, որ Գուսմանը արեւի լույսի, այցելությունների, լավ սննդի կամ բժշկական օգնության բավարար հասանելիություն չի ունեցել:
Վաշինգտոնում Մեքսիկայի դեսպանությունը Twitter-ում հայտնել է, որ Ռոդրիգեսից նամակ է ստացել այդ հարցի վերաբերյալ եւ այն փոխանցել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը:
Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ կուսումնասիրի այն: «Միշտ պետք է դուռը բաց պահել, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին»:
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ կա բանտարկյալների տեղափոխման համաձայնագիր, որը թույլ է տալիս մի երկրում դատապարտված բանտարկյալներին որոշակի հանգամանքներում իրենց պատիժը կրել իրենց երկրում: Սակայն հաշվի առնելով Գուսմանի հանցագործությունները, նրա դատավճիռը եւ այն վտանգը, որ նա դեռ ներկայացնում է, շատերը կասկածում են, որ համաձայնագիրը կիրառելի է նրա դեպքում: