Համաշխարհային ներդրողները խուսափում են Մեծ Բրիտանիայից․ CBI-ի ղեկավար
Համաշխարհային ներդրողները խուսափում են Մեծ Բրիտանիայից, քանի որ կառավարությունը չունի հետեւողական տնտեսական ծրագիր եւ չի կարողանում հետեւել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում քաղաքականության հրաբխային փոփոխություններին, զգուշացրել է բրիտանական արդյունաբերության ղեկավարը:
«Փողը գնում է Մեծ Բրիտանիայից։ Խնդիրն այն է, որ մենք չունենք ռազմավարություն»,- ասել է Բրիտանական արդյունաբերության համադաշնության (CBI) գլխավոր տնօրեն Թոնի Դանքերը:
Զարգացած աշխարհի բոլոր խոշոր տնտեսություններն ու դաշինքները սկսում են հսկայական ներդրումային ծրագրեր, որոնք ապահովված են արդյունաբերական ռազմավարությամբ՝ արմատապես փոխելով համաշխարհային տնտեսության ուրվագծերը։ Սակայն Մեծ Բրիտանիան տարօրինակ կերպով ընթանում է հոսանքով, քանի որ բյուջետային կոշտ խնայողության քաղաքականություն է վարում:
Դանքերն ասել է, թե CBI-ի անդամների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է կանաչ էներգիային անցումից, որը ժամանակակից դարաշրջանի ամենամեծ աճի կատալիզատորն է եւ բնականորեն համապատասխանում է Մեծ Բրիտանիայի լավ կայացած կանաչ տեխնոլոգիաների ոլորտներին: «Բոլորը կարծում են, որ դա նրան չի հետաքրքրում եւ չեն հասկանում, թե ինչու»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան չպետք է փորձի մրցակցել ԱՄՆ-ի կողմից ծրագրված գրավիչ հարկային արտոնությունների եւ սուբսիդիաների եւ Բայդենի առատաձեռնության այլ ձեւերի հետ: Նա նաեւ չպետք է փորձի ընկնել ԵՄ բնապահպանական գործարքների եւ արդյունաբերական սուբսիդիաների անընդհատ աճող փաթեթի հետեւից: «Սարսափելի ճշմարտությունն այն է, որ մենք կպարտվենք սուբսիդիաների պատերազմում։ Մենք մեր ամբողջ հարկային հավաքագրումն օգտագործել ենք անցքերը փակելու համար, ուստի պետք է այլ լծակներ գտնենք»,- ասել է նա: «Մեզ անհրաժեշտ է կառավարության բարեփոխումներ, որպեսզի մենք անընդհատ փող չլցնենք ծակ դույլերի մեջ, եւ կրկնակի կարեւոր է, որ մենք Մեծ Բրիտանիան ավելի գրավիչ վայր դարձնենք մրցունակ հարկային համակարգով ներդրումների համար»,- ասել է նա: