Գիտնականները պարզել են, թե ինչ երաժշտության ներքո են մարդիկ սովորաբար քնում
Գիտնականները վերլուծել են, թե ինչ երգեր լսելով են մարդիկ քնում: Այս մասին հոդվածը հրապարակվել է PLOS One-ում։
Շատ մարդիկ ասում են, որ երաժշտություն են լսում, որպեսզի քնեն: Այս առնչությամբ գիտնականների մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք տարբեր մարդկանց կողմից այդ նպատակով ընտրված երաժշտությունը ընդհանուր հատկանիշներ ունի։
Օրհուսի համալսարանից Ռեբեկկա Ջեյն Սկարատը եւ նրա գործընկերները Spotify երաժշտական ծառայությունից վերլուծել են 985 երգացանկերից 225 626 երգեր, որոնք կապված են քնելու հետ (այդպես են նշել օգտատերերը)։
Քնի համար նախատեսված երգերի ձայնային հատկանիշները նրանք համեմատել են սովորական երաժշտության հետ՝ օգտագործելով Spotify-ի ներքին ալգորիթմը։
Պարզվել է, որ քնի համար երաժշտությունը, որպես կանոն, ցածր ու դանդաղ է, քան մնացածները։ Դրանցում նաեւ հաճախ չկա տեքստ եւ ավելի շատ օգտագործվում են ակուստիկ գործիքներ։ Չնայած այս միտումներին՝ հետազոտողները հայտնաբերել են քնի համար երգերում երաժշտական առանձնահատկությունների մեծ բազմազանություն՝ առանձնացնելով վեց տարբեր ենթակատեգորիաներ:
Երեք ենթակատեգորիաներ, ներառյալ էմբիենտ ոճի երաժշտությունը, որի հանգստացնող հնչողությունը համապատասխանում է քնի հնչյունների պատկերացումներին: Սակայն, մյուս երեք ենթակատեգորիաներում երաժշտությունն ավելի բարձր էր եւ աշխույժ։ Այս երգերի թվում, օրինակ, կան BTSի եւ Բիլլի Այլիշի երգերը։
Հեղինակները ենթադրում են, որ չնայած իրենց աշխուժությանը, հայտնի երգերը կարող են օգնել որոշ մարդկանց հանգստանալ եւ քնել իրենց ծանոթ հնչողության շնորհիվ։
Ընդհանուր առմամբ, գիտնականները հանգում են այն եզրակացության, որ մարդիկ քնի համար ընտրում են շատ տարբեր երաժշտություններ։