«Չենք պատրաստվում խելագարության վարկածով որեւէ բան հիմնավորել». Սերժ Սարգսյանի փաստաբան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի ուսումնասիրման առնչությամբ Դատախազությունն ասում է՝ 1991 թվականին բոլոր աշխատած գումարները վերացել են, նշում է՝ մենք այդ կանխավարկածով ենք գործում, մենք էլ ասում ենք՝ չենք պատրաստվում խելագարության վարկածով որեւէ բան հիմնավորել: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, դատարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նշենք, որ այսօր դատարանում քննվում էր Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանի, Անուշ Մինասյանի, Սաթենիկ Սարգսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատախազության հայցը:
«Դատախազությանը ժամանակին այս պրոցեսի ծայրահեղ անօրինական լինելու մասին առարկություններ ենք ներկայացրել: Այս իշխանությունները երբ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ինչ ծանր դրության մեջ էինք, ինչ մարտեր էին Արցախի Հանրապետության սահմաններին, այդ օրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խայտառակ ապօրինի պրոցես էին սկսում ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ: Այն ժամանակ, երբ այս պրոցեսը սկսվել է, այդ որոշման կայացման համար այդ նույն ապօրինի օրենքով չեն եղել հիմքեր, այսինքն՝ գործում առկա է փաստական տվյալներ, որ ուսումնասիրությունը սկսելու ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի անունով ընդհանրապես որեւէ գույք չի եղել հայտնաբերված»,- ասաց Մակինյանը:
Փաստաբանի խոսքով՝ այն օրենքները, որոնք գրվում են, օրինական լինելուց բացի պետք է նաեւ բարոյական լինեն. «Բարոյականության հետ բավականին հակասություն եմ տեսնում, երբ երջանկահիշատակ տիկնոջ կատարված ծախսերի պատասխաններն են մեզնից ակնկալում: Ո՞նց կարող են մահացածների ծախսերը հարցնել ողջերից»:
Ճշտող հարցին՝ այսինքն երրորդ նախագահի մասով որեւէ գումար եւ գույք չի՞ եղել, Մակինյանն ասաց ՝այո:
Անդրադառնալով երրորդ նախագահի դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, գույքի ուսումնասիրմանը՝ Մակինյանն ասաց. «Խոսքը մի տան մասին է, որտեղ Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով մինչեւ այսօր ապրում է: ՀՀ պետական մարմիններն ինչ են որոշել, որ մարդուն իր բնակարանից վտարեն՝ առանց փաստական տվյալի»:
Ամրամ Մակինյանն ասաց, որ դատախազը խոսում է նաեւ կոմունալ ծախսերի մասին. «Եթե այս պրոցեսը ոչ թե պատվերով ուսումնասիրվեր, այլ նորմալ, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993 թվականից մինչեւ 2018 թվականը բնակվել է կառավարական ամառանոցներում: Այստեղ կոմունալ ծախսեր չկան: Ինձ մոտ հարց առաջացավ՝ Նիկոլ Փաշինյանը կոմունալ ծախսեր է վճարո՞ւմ»: