Իրանը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին․ Աբդոլլահիան
Իրանը չի ճանաչում Ղրիմի, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների միացումը Ռուսաստանին, չնայած այն բանին, որ Թեհրանն ու Մոսկվան հիանալի հարաբերություններ ունեն։ Այս մասին թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք երկակի ստանդարտների չենք ձգտում։ Մենք դեմ ենք պատերազմին Իրաքում, Սիրիայում, Եմենում, Պաղեստինում եւ Աֆղանստանում։ Եվ նույն կերպ մենք դեմ ենք Ուկրաինայում պատերազմին եւ մարդկանց տեղահանությանը։ Մյուս կողմից, մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի շրջանակներում, եւ այդ պատճառով, չնայած Թեհրանի եւ Մոսկվայի հիանալի հարաբերություններին, մենք չենք ճանաչել Ղրիմի անջատումն Ուկրաինայից։ Մենք չենք ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի անջատումը Ուկրաինայից, քանի որ պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետեւողական սկզբունքը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երբ մենք ասում ենք, որ պատերազմը լուծում չէ Ուկրաինայում, մենք դա նկատի ունենք, մենք դա համարում ենք հիմնարար քաղաքականություն եւ ապավինում ենք դրան»,- հավելել է Աբդոլլահիանը։