«Փաստ». Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը մերթընդմերթ ակտիվանում է սոցցանցերում, իսկ վերջին օրերին գրառումներ է կատարում Ֆեյսբուքի իր էջում, որն ավելի շատ «մերմուարներ» է հիշեցնում: Այս «ժանրի» համբարձումյանական գրառումները շատերի շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տվել։
Ըստ նույն սոցիալական հարթակներում տեղ գտած արձագանքների, շատերն են զարմացած, որ ԱԱԾ երկարամյա ծառայողը, ըստ էության, հանդես է գալիս կարևոր իրադարձությունների շուրջ մակերեսային, պարզունակ, երբեմն նաև հակասական դատողություններով:
Սա մարդկանց շրջանում տարակուսանք է առաջացնում թե՛ այդ դատողությունների հեղինակի, թե՛ գրառումների նպատակների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, և նրա ժամանակ առ ժամանակ ակտիվացումը տարբեր հարթակներում բխում է այդ նպատակներից։ Ի դեպ, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նորմալ էին համարում, որ ցանկացած ոք կարող է քաղաքական հայտ ներկայացնել: Նրանք պարզապես տարօրինակ էին համարում, որ Համբարձումյանը փորձում է այդ դաշտում «հաստատվել» այլոց հաշվին:
Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ «ճիշտ ու բարոյական կլինի, եթե ԱԱԾ-ն կարճ ժամանակ ղեկավարած անձը առաջին հերթին գնահատականներ հնչեցնի այն իշխանության հասցեին, որի օրոք ստանձնել է պետության անվտանգության համար ամբողջական պատասխանատվությունը ու, մեղմ ասած, ձախողել երկրի համար ամենաբախտորոշ օրերին, այնուհետև անդրադառնա իրողությունների, որտեղ իր մասնակցությունը սիմվոլիկ է եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում