Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը հայտարարել է Թուրքիայի հետ ռազմական հետագա համագործակցության մասին
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին հայտարարել է, որ կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ։ Այս մասին նա ասել է Դավոսում անցկացվող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ երկու երկրների համագործակցության շնորհիվ Հյուսիսային Մակեդոնիայի զինվորականները վերապատրաստվում են թուրքական ռազմական դպրոցներում։
Սակայն նա ուղղակիորեն չի պատասխանել թուրքական անօդաչու թռչող սարքերի հնարավոր գնումների մասին գործակալության հարցին՝ ասելով, որ «վերջին մեկուկես տարվա ընթացքում Հյուսիսային Մակեդոնիան նոր միջոցներ է ձեռնարկել Թուրքիայից որոշ ռազմական տեխնիկա և զենք գնելու համար»։
Պենդարովսկին նաև նշել է, որ Թուրքիան 1990-ականների սկզբին եղել է Հյուսիսային Մակեդոնիայի անկախության կողմնակիցը, և այժմ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը տարեցտարի աճում է։