Թրամփը ծրագրում է վերադառնալ Twitter և Facebook
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ վերադառնալ Twitter և Facebook սոցիալական ցանցեր։ Այս մասին հայտնի է դարձել NBC-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի ներկայացուցիչները նամակ են ուղարկել Meta Corporation-ին, որին պատկանում է Facebook-ը՝ խնդրելով վերադարձնել սոցցանցում նախկին նախագահի օգտահաշվի հասանելիությունը։ Ընկերությանը հասցեագրված փաստաթղթում ասվում է, որ 2021 թվականի հունվարին Թրամփի Facebook-ի օգտահաշվի կասեցումը «կտրուկ խեղաթյուրել և դանդաղեցրել է հանրային դիսկուրսը»։
Meta-ն, իր հերթին, հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարի ԱՄՆ նախկին առաջնորդի հաշվի վերաբերյալ որոշման մասին:
Հաղորդվում է նաև, որ Թրամփը պատրաստվում է նորից գրառումներ հրապարակել Twitter-ի իր էջում, որի հասանելիությունը նրան վերադարձվել է 2022 թվականի նոյեմբերին։ NBC-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ քաղաքական գործչի խորհրդականներն արդեն քննարկել են նրա առաջին թվիթի գաղափարները։