Սա չպետք է ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի վերածվի. Շոլցը` Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա 2022 թվականի փետրվարին՝ անցած տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումից (ՀՏՖ) անմիջապես հետո, ցնցել է աշխարհը»: «2022 թվականի սկզբին շատերն ակնկալում էին բում կամ առնվազն զգալի արագացում մեր տնտեսությունների՝ կլիմայական չեզոքության անցնելու հարցում: Հետո եկավ փետրվարի 24-ը», - ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած ֆորումում, փոխանցում է DW-ն։
Նրա խոսքով, պատերազմը կործանարար ազդեցություն ունի, մասնավորապես, Ուկրաինայի վրա։ «Բայց պատերազմն ազդում է բոլորիս վրա», - շարունակել է նա՝ ուրվագծելով աշխարհաքաղաքական կարգի ռիսկերը, մարտահրավերները տարբեր երկրների, հատկապես Գերմանիայի համար:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանին պետք է հաղթել», որպեսզի Արեւելյան Եվրոպայում հակամարտությունն ավարտվի։ «Այդ պատճառով մենք մեր գործընկերների հետ միասին մշտապես սպառազինության համակարգեր ենք մատակարարում Ուկրաինային», - ասել է Շոլցը՝ թվարկելով մի քանի սպառազինության համակարգեր, որոնք Գերմանիան արդեն ուղարկել է Ուկրաինա, այդ թվում՝ IRIS-T միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռները։
Սակայն իր ելույթում նա չի անդրադարձել Leopard 2 տանկերին, ինչի կապակցությամբ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ, առաջին հերթին Լեհաստանը, բայց նաեւ Մեծ Բրիտանիան, Լիտվան եւ այլ պետություններ, Գերմանիային կոչ են անում թույլատրել արտահանումը դեպի առաջնագիծ։ Գերմանիան պետք է հաստատի իր ռազմական տեխնիկայի վերավաճառքը կամ նվիրաբերումը երրորդ երկրին։
Պատվիրակներից մեկի հարցին, թե ինչու է վարանում թույլ տալ Leopard 2 տանկեր ուղարկել Ուկրաինա, Շոլցն ասել է, որ Գերմանիան Ուկրաինայի ամենամեծ աջակիցներից մեկն է, գրում է Guardian-ը։
Նա անշել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական օգնություն է ուղարկել, բայց պաշտպանական բյուջեն շատ ավելի մեծ է: Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիայից Ուկրաինա մատակարարվող հրետանին եւ դրա բազմակի հրթիռային համակարգերը շատ արդյունավետ են Ուկրաինայի համար։ «Ուկրաինան կարող է հույս դնել մեր աջակցության վրա, սակայն մենք պետք է խուսափենք դա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի վերածելուց », - ասել է նա․ «Մենք ռազմավարական առումով փոխկապակցված ենք եւ ցանկանում ենք դա քննարկել մեր գործընկերների հետ»: