Միջուկային զենքի հետ Հարավային Կորեայի սիրախաղը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա
Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն ասաց, որ իր երկիրը կարող է միջուկային զենք ձեռք բերելու անհրաժեշտություն զգալ, նրա գրասենյակը պարզաբանել է, որ իրականում նա չի պլանավորում նմամ քայլի գնալ անել, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ը նաեւ պատասխանել է այս նկատառման վերաբերյալ հարցերին, ընդ որում Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է Հարավային Կորեայի բացատրությանը, ասելով, որ երկու երկրներն էլ առաջ են շարժվում «զսպման ընդլայնված կարողությունների բարելավմամբ»:
Բայց թեեւ երկու կառավարություններն էլ չեն ցանկանում խոսել այդ մասին, Յունի մեկնաբանությունը, որն արվել է հունվարի 11-ին Հարավային Կորեայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ճեպազրույցում, բացահայտում է երկարամյա դաշնակիցների միջեւ առկա լարվածությունը: Անցյալ տարի Կիմ Չեն Ընը ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ է փորձարկել եւ վերջերս խոստացել է միջուկային զենքի «էքսպոնենցիալ աճ»:
«Չնայած Յունը կարող է իմանալ, որ միջուկային զենքի հետապնդումը կարող է հանգեցնել ճգնաժամի եւ պատժամիջոցների, որոնք կվտանգեն երկրի քաղաքացիական միջուկային ծրագիրը, բանավեճի արագացումը թույլ է տալիս նրան «ճնշել ԱՄՆ-ին՝ Սեուլին ավելի հստակ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար», - ասում է վերլուծաբան Սո Կիմը, ով ներկայումս ղեկավարում է ամերիկյան LMI խորհրդատվական ընկերության քաղաքականությունը:
Ի տարբերություն Ճապոնիայի՝ ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի, որը պաշտպանության համար ապավինում է ԱՄՆ միջուկային հովանոցին, Հարավային Կորեայի հասարակությունն ավելի բաց է միջուկային զենքի համար: Հարցվածների ռեկորդային բարձր՝ 55,5%-ն աջակցել է հայրենական միջուկային ծրագրին, ինչը մոտ 10 տոկոսային կետով ավելի է, քան 2021 թվականին։
Յունը պետք է դիմի հանրային աջակցությանը, սակայն նա գիտի, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ միջուկային զենքի ստեղծումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար, նշել է Հարավային Կորեայի կառավարության մտածելակերպին ծանոթ մի անձ: Նա նշել է, որ Հարավային Կորեան խուսափում է ԱՄՆ-ի հետ պաշտոնական խորհրդակցություններում այս գաղափարի քննարկումից՝ վախենալով հարաբերություններում նոր լարվածությունից։
Հարավային Կորեան կարող է նաեւ արագ միջուկային զենք ստեղծել, եթե ցանկանում է, ինչպես անցյալ շաբաթ նշել է Յունը՝ հաշվի առնելով, որ նա արդեն ունի հրթիռներ, միջուկային նյութեր եւ ինժեներական գիտելիքներ: Սակայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրից պաշտոնապես դուրս գալու գինը ծանր կլինի:
«Եթե Հարավային Կորեան դա աներ ամբողջությամբ՝ կիրառելով իր գիտական եւ արդյունաբերական հզորության զգալի կշիռը, ապա նա կարող էր միջուկային զենք արտադրել մոտ երկու տարում», - ասում է Մարկ Ֆիցպատրիկը, ով գիրք է գրել միջուկային ակումբի հնարավոր անդամների մասին, որը կոչվում է. «Ասիայի գաղտնի միջուկային ուժեր»:
«ԱՄՆ-ի անդրդվելի դիմադրությունը լուրջ հետընթաց կլիներ, այդ իսկ պատճառով Հարավային Կորեան հրաժարվել է միջուկային տարբերակից, էլ չասած, որ դա կվնասի իր «լավ տղայի» կարգավիճակին», - ասում է Ֆիցպատրիկը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ Յունի վարչակազմը հասկացրել է, որ միջուկային զենք չի փնտրում: Նա ասել է, որ ԱՄՆ-ը կավելացնի իր ռազմավարական միջոցների տեղակայումը, որպեսզի համոզվի, որ ընդլայնված զսպումը համապատասխան է ներկայիս սպառնալիքներին: