ԵՄ-ն նախատեսում է երկու տարով հայ-ադրբեջանական սահման ուղարկել 100 դիտորդներից բաղկացած նոր առաքելություն․ Politico
Եվրամիությունը նախատեսում է նոր առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահման, որը կընդլայնվի մինչև 100 դիտորդ և կստանա երկամյա մանդատ, գրում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին։
2022 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հաստատել էին 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Հոկտեմբերի վերջին առաքելությունը տեղակայվեց և սկսեց աշխատել։ Նրա մանդատը երկամսյա էր և ավարտվել է դեկտեմբերի 19-ին։
«Երևանի իշխանությունների հետ փոխըմբռնում կար, որ ներկայությունը վերսկսելու անհրաժեշտություն կա, բայց նախորդը չափազանց համեստ էր։ Այժմ մինչև 100 դիտորդներ կուղարկվեն տարածաշրջան՝ որպես անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության ամբողջական առաքելության մաս»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Աղբյուրի համաձայն՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը հաստատման կուղարկվի Բրյուսելի քաղաքական և անվտանգության հանձնաժողով։