Ադրբեջանն իր կամքով հետ չի կանգնելու Արցախը հայաթափելու իր նպատակից, նրան պետք է հարկադրել. Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, որն այսօր մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստին, հետ զրույցում ասաց, որ քննարկմանը մանրամասներ չի ներկայացվել Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների հանդիպումից։ Նա չգիտեր՝ արցախցի որ պաշտոնյան է հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցչի հետ եւ ինչ հարցեր է քննարկվել։
«Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունն ավելի ինֆորմատիվ էր, քան նիստի ընթացքում այդ հարցի շուրջ քննարկումը, մեզ մանրամասներ չեն ներկայացվել։ ԱԽ նիստում քննարկվեց հումանիտար վիճակը, իհարկե անդրադարձ եղավ նաեւ ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, որում նա հույս էր հայտնում, թե Արցախում իրավիճակը հանգուցալուծում կստանա, ցավոք, սակայն, ադրբեջանական ուժերի կողմից երեկ երեկոյան Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Փաստվեց, որ նման հայտարարությունները դեռեւս որեւէ արդյունք չեն տալիս, պետք է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բնակչությունը հնարավորության դեպքում քիչ տուժի ստեղծված իրավիճակում»,– նշեց Հակոբյանը։
Քաղաքական գործչի համոզմամբ՝ Ադրբեջանի վերջնանպատակը Արցախը հայաթափելն է։ Իրավիճակի հանգուցալուծումն ըստ Հակոբյանի՝ կախված է միջազգային հանրության համարժեք արձագանքից։
«Ադրբեջանի վերջնանպատակը արցախահայությունից ազատվելն է։ Ադրբեջանն իր կամքով հետ չի կանգնելու այդ նպատակից, նրան պետք է հարկադրել, որ հետ կանգնի իր հանցագործ ցանկություններից։ Պետք է Հայաստանը, Ռուսաստանը, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարությունը ստորագրողներն են, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, գործուն աջակցություն ցուցաբերեն Արցախի ժողովրդին։ Այս համատարած լռությունը ավելի է ազատ արձակում Ադրբեջանի ձեռքերը, աշխարհը պետք է Ադրբեջանին պարտադրի, հակառակ դեպքում աշխարհը Արցախին կթողնի միայնակ։ Սա ռազմական ագրեսիայի դրսեւորում է, որն անպատիժ է մնում, ինչը կարող է վատ նախադեպ լինել աշխարհի համար»,– ասաց Հակոբ Հակոբյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի։
«Երեկ կամ երեկ չէ առաջին օրը տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հանդիպումը Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի»,- այսօր հայտարարել է Լավրովը։
Ավելի ուշ Արցախից հաստատեցին, որ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները հանդիպել են, սակայն Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որեւէ առաջընթաց չի արձանագրվել։