Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրիի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։
2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17։30-ի սահմաններում, Զովունի բնակավայրի 1-ին փողոցում գտնվող գազաբալոնների տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ կայանում ավտոմեքենայի վրա համապատասխան աշխատանքներ կատարելիս եղել է հեղուկ գազի արտահոսք, որի այրման պատճառով տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով երեք անձինք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բացի այդ, վնասներ են կրել նաև կայանի շինությունները։
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքի վայրում գտնվող և դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք։ Նկատի ունենալով, որ կայանը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ, որտեղ մատուցվում են գազաբալոնների տեղադրման, ինչպես նաև գազաբալոնների ստուգման ծառայություններ, վերցվել են վերջինիս գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական, դատապայթյունա¬տեխնոլոգիական, դատաշինարարա-տեխ¬նիկական, դատաապրանքագիտական, դատաճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները պայթյունի պատճառները լիարժեք պարզելու ուղղությամբ։