2022 թվականին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը 1993 թվականից հետո ամենացածրն է եղել
Եվրոպական միությունում ավտոմեքենաների վաճառքը դեկտեմբերին ավելացել է 12,8 տոկոսով՝ 2021 թվականի նույն ամսվա համեմատ։ Սակայն անցյալ տարվա վերջի արդյունքներով այն նվազել է 4,6 տոկոսով եւ դարձել ամենացածրը 1993 թվականից հետո, ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հայտարարության մեջ։
Աճը գրանցվել է հինգերորդ ամսվա արդյունքներով, մինչ այդ ցուցանիշը 13 ամիս անընդմեջ նվազում էր։ Սակայն աճն ապահովվել է առաջին հերթին համեմատության ցածր բազայով։ Վաճառքի ծավալները դեռեւս շատ ցածր են 2019 թվականի նոյեմբերի համեմատ՝ մինչ համաճարակի սկսվելը, երբ դրանք գերազանցում էին 1 միլիոն մեքենան:
Ընդ որում, միայն ԵՄ երկու հիմնական շուկաներում վաճառքներն աճել են․ Գերմանիայում՝ 38,1 տոկոսով, Իտալիայում՝ 21 տոկոսով։ Մինչդեռ Ֆրանսիայում դրանք նվազել են 0,1 տոկոսով, Իսպանիայում՝ 14,1 տոկոսով։
Եվրոպայում նոր ավտոմեքենաների թիվը (ԵՄ երկրներ գումարած Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան) դեկտեմբերին ավելացել է 14,8 տոկոսով՝ հասնելով 1,091,119-ի։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի արդյունքներով, ավտոմեքենաների գրանցումը Եվրամիությունում նվազել է 4,6 տոկոսով՝ հասնելով 9 մլն 255 930-ի: Դա հիմնականում պայմանավորված էր առաջին կիսամյակում պահեստամասերի պակասով, հայտնում է ACEA-ն:
Անցյալ տարի Եվրամիությունում Volkswagen խմբի (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche եւ այլն) վաճառքները նվազել են 5,2 տոկոսով, Stellantis-ինը (Fiat Chrysler եւ PSA Group)՝ 14,1 տոկոսով, Renault-ի խմբինը՝ 4,3 տոկոսով, BMW խմբինը՝ 5,1 տոկոսով, Mercedes-Benz-ինը՝ հիմնականում չի փոխվել։
Մինչդեռ հարավկորեական Hyundai-ն (նաեւ Kia-ն) ավտոմեքենաների վաճառքն ավելացրել է 2,6 տոկոսով, ճապոնական Toyota-ն եւ Honda-ն՝ համապատասխանաբար 7,7 եւ 4,4 տոկոսով։
Ամերիկյան Ford-ի վաճառքները նվազել են 2,3 տոկոսով, ճապոնական Nissan-ի եւ Mazda-ի՝ համապատասխանաբար 10,2 եւ 11,2 տոկոսով։