«Դատարանը հանցագործություն է կատարել». պաշտպանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու որոշման մասին
Հակակոռուպցիոն դատարանը այսօր՝ հունվարի 18-ին, որոշում է կայացրել դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարաձգելու մասին։
NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատարանի որոշման հետ համաձայն չեն, քանի որ դատարանն այդ որոշմամբ թույլ է տվել կոպիտ խախտում.
«Լիազորությունները չարաշահելով Հակակոռուպցիոն դատարանը՝ թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի (կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին) խախտում, կալանավորելու որոշում է կայացրել, չունենալով նոր մեղադրանք։ Խափանման միջոց է կիրառել կալանավորումը, ինչի իրավունքը չի ունեցել»,- ասաց Սարգսյանը եւ հավելեց, որ դատական ակտը դեռեւս չեն ստացել, ստանալուն պես կորոշեն հետագա գործողությունները։
Սարգսյանի խոսքով՝ դատարանը միջնորդության քննությանը հանդես էր գալիս մեղադրող կողմի շահերից. «Մրցակցային դատավարության մասին խոսք չկար։ Դատարանը հանցագործություն է կատարել։ Դատարանը նույ մեղադրանքով կալանավորելու իրավունք պարզապես չուներ։ Նրա կալանքի ժամկետը լրացել էր, Ալեքսանյանն ազատության մեջ էր։ Ազատության մեջ գտնվող անձին առանց նոր ի հայտ եկած հանգամանքների կրկին կալանավորելն ապօրինի է։ Սա ոչ թե Հակակոռուպցիոն դատարան է, այլ կոռուպցիայի մեջ թաթախված դատարան»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել էին դատարանի շենք, ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ինչը բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը եւ այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։