Մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ քույր Անդրեն. AFP
Երեքշաբթի գիշեր 118 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ քույր Անդրեն (աշխարհիկ անունը՝ Լյուսիլ Ռանդոն)։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել էր Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ծերերի տան (որտեղ նա ապրում էր) ներկայացուցչին։
Գործակալության տվյալներով՝ նա մահացել է քնի մեջ։
Լյուսիլ Ռանդոնը ծնվել է Ֆրանսիայում 1904թ. փետրվարի 11-ին։ Նա ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչը 2022թ. ապրիլի 26-ին։
Ռանդոնը երիտասարդ տարիներին տնային դաստիարակչուհի է աշխատել։ Նրան մկրտել են 26 տարեկանում, 41 տարեկանում դարձել է միանձնուհի եւ 28 տարի աշխատել Վիշի քաղաքի հիվանդանոցում, որտեղ օգնել է որբերին եւ ծերերին։ 1979թ. ընդունվել է ծառայության Սավոյի մենաստանում։ 2009-ից ապրում էր Թուլոնի ծերերի տանը։