Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը
Աշխարհում ամենամեծ օնլայն-ռիթեյլերներից մեկը՝ Amazon-ը, Brand Finance Global 500-ի վարկանիշով համարվել է ամենաթանկ բրենդը, այն դեպքում, երբ անցած տարվա վարկանիշի համեմատ իր արժեքից կորցրել է 51 մլրդ դոլար։ Ի դեպ, նախորդ առաջատարը՝ Apple-ը, էլ ավելի է էժանացել, վկայում է Brand Finance-ի զեկույցը։
«Amazon-ը վերադարձրել է աշխարհի ամենաթանկ բրենդի իր տեղը՝ չնայած այն բանին, որ բրենդի արժեքն ընկել է 15 տոկոսով՝ 350,3 մլրդ դոլարից հասնելով 299,3 մլրդ դոլարի»,- նշվել է հաղորդագրությունում։
Apple ընկերությունը երկրորդ տեղում է, նրա բրենդի արժեքն անցած տարվանից նվազել է 16 տոկոսով՝ 355,1 մլրդ դոլարից այժմ կազմելով 297,5 մլրդ։
Առաջատարների հնգյակում մյուս ընկերությունների դիրքն անցած տարվա համեմատ չի փոխվել. երրորդ տեղում է Google-ը (281,4 մլրդ դոլար), չորրորդում՝ Microsoft-ը (191,6 մլրդ), հինգերորդում՝ Walmart-ը (113,8 մլրդ)։
Նշվել է, որ տեխնոլոգիական ընկերությունների թիվը վարկանիշային ցուցակում նվազել է՝ 50-ից հասնելով 48-ի՝ այն բանից հետո, երբ Twitter-ը եւ Snapchat-ը դուրս են մնացել ցուցակից։ Իսկ ամենաարագ զարգացող բրենդներ են նշվել Tesla-ն (վարկանիշի 9-րդ հորիզոնական, 66,2 մլրդ դոլար) եւ BYD-ը (199-րդ տեղ)։
Ամենաթանկ ռուսաստանյան բրենդների եռյակն այս վարկանիշում հետեւյալն է՝ «Սբեր» (163-րդ տեղ), «Գազպրոմ» (420-րդ տեղ) եւ «Լուկօյլ» (457-րդ տեղ)։