Սպասվում է, որ Գերմանիայի տնտեսությունն այս տարի 0,3 %-ով անկում կապրի
Սպասվում է, որ այս տարի գերմանական տնտեսությունը 0,3%-ով, անկում կապրի իսկ էներգետիկ ճգնաժամը կշարունակի ճնշում գործադրել Եվրոպայի խոշորագույն տնտեսության արդյունաբերության վրա, հայտնել է Գերմանիայի BDI արդյունաբերական ասոցիացիան, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ տարեսկզբին չափավոր ռեցեսիոն միտումները կգերակայեն, սակայն իրավիճակը կսկսի բարելավվել գարնանը, ասել է BDI-ի նախագահ Զիգֆրիդ Ռուսվուրմը։
2022 թվականի վերջին եռամսյակում գերմանական արտադրանքը կանգ է առել եւ ամբողջ տարվա ընթացքում աճել 1,9%-ով, ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի վիճակագրական ծառայությունը:
BDI-ն կանխատեսում է, որ ապրանքների եւ ծառայությունների արտահանումն այս տարի իրական արտահայտությամբ կավելանա 1,0%-ով՝ հետ մնալով համաշխարհային առեւտրից, որը, ըստ կանխատեսումների, կաճի 1,5%-ով։
BDI-ի նախագահն ասել է, որ Գերմանիան հետ է մնում մյուս երկրներից, որտեղ էներգակիրների գներն այդքան էլ բարձր չեն․ «Էներգիայի ծախսերի գործոնը վաղուց ոչ միայն թուլացնում է էներգատար ընկերություններին, այլեւ նկատելի ազդեցություն է ունենում արդյունաբերական ողջ արժեշղթայի վրա»:
Ռուսվուրմը պաշտպանում է Գերմանիայում բիզնեսի եւ կարգավորող միջավայրի բարելավումը, որպեսզի երկիրը ավելի գրավիչ դառնա ներդրողների համար․ «2023 թվականը պետք է լինի Գերմանիայի՝ որպես արդյունաբերական, արտահանողի եւ նորարարական երկրի ապագայի համար կայացվող որոշումների տարի»:
Ասոցիացիան կոչ է արել նաեւ կրճատել ընկերությունների հարկային բեռը մինչեւ համաշխարհային միջինը՝ առավելագույնը 25%:
Ռուսվուրմը նշել է, որ Գերմանիան պետք է դիվերսիֆիկացնի առեւտրային գործընկերներին՝ դիմացկունությունը բարձրացնելու նպատակով, թեե նա զգուշացրել է, որ «դիմացկունությունն առանց ծախսերի չի լինում»: Նրա խոսքով, Եվրամիության առեւտրային քաղաքականությունը պետք է ակտիվ լինի․ «անհրաժեշտ է խելամիտ արդյունաբերական քաղաքականություն՝ ի պատասխան ԱՄՆ-ի գնաճի նվազեցման ակտի, եւ պետք է խուսափել Վաշինգտոնի հետ առճակատումից»։