Հնէաբանները բալթյան սաթի մեջ հայտնաբերել են ամենամեծ քարացած ծաղիկը
Բեռլինի եւ Վիեննայի հնէաբանները սաթի կտորի մեջ հայտնաբերել են պատմության մեջ ամենամեծ քարացած ծաղիկը։ Ծաղիկը քարացել է մոտ 40 միլիոն տարի առաջ, դրա չափը 28 միլիմետր է։
Սաթի կտորը գտնվել է 1872 թվականից ոչ ուշ եւ երկար ժամանակ պահվել Բեռլինի Երկրի եւ բնական պաշարների դաշնային ինստիտուտի հավաքածուում։ Մինչեւ անցած տարի այն առանձնապես չի շարժել գիտնականների հետաքրքրությունը, մինչեւ որ Եվա-Մարիա Սադովսկին գործընկերոջից իմացել է ծաղկի մասին։
«Նա ինձ ասաց, որ մի անգամ եղել է BGR-ում եւ հավաքածուում տեսել ամենազարմանալի եւ ամենամեծ ծաղիկը սաթի մեջ։ Ես ուղղակի չգիտեի, որ նրանք սաթի հավաքածու ունեն։ Ուստի հարցրի հավաքածուն տնօրինողին, թե կարող եմ արդյոք գալ եւ նայել այն։ Ահա այդտեղ էլ գտա X4088 նմուշը»։
Հնէաբանները մանրամասն ուսումնասիրել եւ նկարագրել են գտածոն եւ պարզել, որ ծաղիկը երեք անգամ ավելի մեծ է իր անալոգներից։ Գիտնականները նաեւ հետազոտել են սաթի փոշին՝ պարզելով բույսի տեսակային ծագումը։
Քարացած ծաղիկը սերտորեն կապված է Ասիայում տարածված եւ որպես Symplocos հայտնի ժամանակակից բուսատեսակի հետ. դրանք թփեր են կամ ծառեր՝ սպիտակ կամ դեղին ծաղիկներով։